Մեր օրերի հրաշամանուկը
Նոր հաճընցի չորսամյա Սամվել Դավթյանին, իրավամբ , կարելի է անվանել հրաշամանուկ: Նա կարողացավ "Շանթի" եթերից նվաճել հեռուստադիտողների սերն ու համակրանքը: Մանկական խառնվածքը , միամիտ ու անկանխատեսելի պահվածքն ու խոսքը , վարակիչ ծիծաղը պարզապես ջերմացնում էին հեռուստադիտողների սրտերը, պարգևում անմոռանալի պահեր… Ինչպես բոլոր երեխաները , սիրում է քաղցրավենիք և միրգ , նվերներ ստանալ... Արագ մերվեց "Շանթի" նախագծում ընդգրկված տարբեր տարիքի մասնակիցների, ժյուրիի անդամների և հանդիսատեսի հետ:Իսկ ահա շոուն վարող Գրիշա Աղախանյանի կողքին նա իրեն ավելի ինքնավստահ էր զգում...Ոչ միայն շոուի ընթացքում, այլև այսօր էլ Սամվելիկի համար անհասկանալի են "մրցույթ" և "հաղթանակ" բառերի իմաստը: Սամվել Դավթյանը չէր մրցում ……Պարզապես իր արտասովոր հիշողության շնորհիվ ներկայացնում էր ծնողների շնորհիվ սովորածը:Նա հեշտությամբ տալիս էր անգամ դժվար արտաբերվող պետությունների, նահանգների ու քաղաքների, ծովերի ու գետերի, լեռների, լեռնագագաթների ….անվանումները, պատմում դրանց հետ կապված հետաքրքիր մանրամասների, պատմական անցքերի մասին: Ժյուրիի անդամներին այդպես էլ չհաջողվեց շփոթեցնել նրան… Սամվելիկի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 41 % : Հարցումների արդյունքում պարզվել է, որ քվեների մեջ ամփոփված է ոչ այնքան տաղանդի գնահատականը, որքան` համակրանքը: Սամվել Դավթյանը թեև արդեն թաքնված տաղանդ չէ, սակայն ծնողները` Յանեկն ու Լիլիթ ասում են, որ որդին դեռ անակնկալներ շատ կմատուցի….. Այն հարցին, թե վտանգավոր չէ արդյոք չորսամյա երեխայի համար նման մտավոր ծանրաբեռնվածությունը, Յանեկ Դավթյանը պատասխանեց. "Մենք չենք պարտադրում : Երեխան շատ հետաքրքրասեր է: Ոչ միայն շատ հարցեր է տալիս, այլև ակնկալում է ճիշտ և հագեցած պատասխաններ": Մեկուկես տարեկանից հաշվում է , կատարում իր տարիքի համար թվաբանական դժվարին գործողություններ , կարդում, նկարում…Ամենազարմանալին այն է, որ նա հնարում է բառերի իր աշխարհը` պահպանելով բառարմատի իմաստը: Օրինակ` կափարիչ- փակարիչ… Իսկ թե ում է ավելի շատ "քաշել" որդին, Յանեկը չհապաղեց պատասխանել ` մորը, քանի որ Լիլիթը նույնպես "անհանգիստ" մանկություն է ունեցել:Հինգուկես տարեկանում դպրոց է հաճախել և սկսել է կարդալ Մարքսի "Կապիտալը": Ծնողները կարծում են, որ երեխաները ծնվում են ընդունակ :Պարզապես պետք է կարողանալ համբերատարությամբ լսել նրանց և պատասխանել բոլոր " ինչու" -ներին: Եթե բոլորը հրաշամանուկներ չեն , ապա ծնողների կողմից ճիշտ դաստիարակության շնորհիվ երեխաները կարող են լավ սովորել, մասնագիտություն ձեռք բերել և բարեկիրթ մարդ դառնալ: Շնորհակալություն չորսամյա Սամվելիկի ծնողներին, որ այդպիսի ջանադրությամբ դաստիարակում և ուսուցանում են իրենց զավակներին: ԱԳՆԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ 21 ԱՊՐԻԼԻ 2009
|